Երևանի կենտրոնում՝ Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու (Կաթողիկե) վերանորոգումը դժգոհության ալիք է բարձրացրել: Քննարկումների կիզակետում եկեղեցու մուտքը ծածկող ապակիներն են:
«Մարդիկ, որոնք իրենց համարում են հուշարձանասեր, լավն ու վատը իրարից չտարբերելով, անընդհատ քարկոծում են, սխալներ են ման գալիս, ինչ-որ բաներ հորինում»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց վերականգնող ճարտարապետ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, նշելով, որ ոչ մի պատմական հուշարձան պատահական չի վերականգնվում. մասնագետների մի մեծ խումբ է աշխատում, մասնագիտական եզրակացություն է տրվում: Առավել ևս` Կաթողիկեի դեպքում, որ Երևանի կենտրոնում է գտնվում:
«Իսկ երբևէ մտածե՞լ են` Տաթևի վանքը, Նորավանքը, Հաղպատի վանքը, Հաղարծինը և շատ վանքեր ու եկեղեցիներ, որ այսօր գնում, տեսնում, հիանում են, ինչից են հառնել, ինչպես են վերականգնվել ու մեզ հասել: Տեսե՞լ են հին լուսանկարները, գիտե՞ն, թե խորհրդային տարիներին ինչ վիճակում են եղել ու ինչ են դարձել,- ասաց վերականգնող ճարտարապետը:- Կաթողիկե եկեղեցին երբ 30-ականներին քանդվեց, միջից գտնվեց այս փոքրիկ «գեղեցկուհին»` 13-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին: 1600-ականներին, երբ ճարտարապետները կառուցել են Կաթողիկեն, դարձյալ արժեքը հասկացել են ու պահել այն, բայց օգտագործել են որպես խորան: Եկեղեցու արևմտյան ճակատն ամբողջությամբ քանդել են, որ բացվածք առաջանա` խորան, աղոթատեղի: 1936-ին, երբ քանդում էին եկեղեցին, մեր մտավորականները պայքարել են, որ միջի «գեղեցկուհին» պահպանվի: Պահպանեցին, հասավ մեզ: Սակայն 60-ականներին որոշեցին մուտքն ինչ-որ ձևով փակել, 90-ականներին նորից վերաբերմունք ցույց տվեցին այդ մուտքին` ծածկելով այն ապակեպատ «շուշաբանդով»:
Եկեղեցու ներկայիս վերականգնումը իրականացվել է Մայր Աթոռի աջակցությամբ: Վերականգնող ճարտարապետն է Մերի Դանիելյանը:
2015-ի հոկտեմբերի 30-ին մշակույթի նախարարությունում կայացել է գիտամեթոդական խորհրդի նիստ: Մերի Դանիելյանի ներկայացրած մոտեցումները դրվել են քննարկման:
Ստեփան Նալբանդյանն ընդգծեց, որ մասնակցել են գիտաժողովի գրեթե բոլոր անդամները, հրավիրյալ մասնագետներ. «Քննարկումները կետ առ կետ ինձ մոտ գրված են: Ես ինքս գիտամեթոդական խորհրդի անդամ եմ: Բոլորիս մտահոգում էր, թե Կաթողիկեի վերանորոգման համար հեղինակն ինչ է առաջարկելու»:
Մերի Դանիելյանն առաջարկել էր մի քանի տարբերակ, այդ թվում` քարերով ծածկել մուտքը և փայտյա դուռ տեղադրել` 13-րդ դարին բնորոշ ձևով: Սակայն այդ տարբերակը հավանության չի արժանացել:
«Դա հորինվածք էր, որը ոչ մեկի կողմից չընդունվեց, որոշեցինք, որ ավելի լավ է պահպանենք այն, ինչ պատմությունից մեզ է հասել: Լավագույն լուծումը ապակին է, ժամանակակից նյութերը թույլ են տալիս ցանկացած չափի ապակի տեղադրել`առանց ավելորդ էլեմենտների: Ապակիների նախշազարդումը և համաչափությունները թողեցինք ճարտարապետի հայեցողությանը: Ապակին երեք-չորս ֆունկցիա է կատարում` լուսավորման, ջերմության, հսկողության, որ ամեն մարդ չմտնի ներս: Եվ վերջապես, ամենագլխավորը` պատմության որևէ դետալ չի աղավաղվել,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ փոխվել են եկեղեցու ծածկասալերը, պատերը մաքրվել են:- Եթե արխիվային լուսանկարները նայեք, կտեսնեք, որ քարերի հիմնական մասը հողմահարված էր, ծակծկված, քայքայված: Հարկ եղած դեպքում դրանք փոխարինվել են նոր, բայց նույնատիպ քարերով: Ավելին, շինարարները մասնագետներիս դիմել և կանչել են, ամեն դետալը նայել ենք, օգնել, որ քաղաքի կենտրոնի այդ գոհարը լավ վերականգնվի և լավ տեսք ունենա: ՈՒրիշ խնդիր է` որակո՞վ է արվել, թե՞ անորակ: Դա կարող են քննարկել, գնալ, տեղում տեսնել, ոչ թե մեկը մի քանի լուսանկար է տեղադրում սոցցանցում և լուսանկարներով դատողություններ են անում: Ցավում եմ, որ որոշ մասնագետներ էլ են կարծիք հայտնել, առանց տեղում զննելու, առանց բուն իմաստը հասկանալու և առանց հեղինակի հետ քննարկելու»:
Ստեփան Նալբանդյանը նշեց նաև, որ Մերի Դանիելյանը մեր ամենահեղինակավոր, ամենափորձառու վերականգնող ճարտարապետներից է: Նրա ջանքերով են վերականգնվել մի քանի տասնյակ հուշարձաններ` Հաղարծնի վանքը, Գոշավանքը, Վարագա վանքը և այլն. «Այսօր գնում են, հիանում ու տեղյակ էլ չեն` ում ջանքերով է վերանորոգվել: Չի կարելի այդպես անխնա քննադատել ճարտարապետին, որ բոլորից քաջատեղյակ է, շատ լավ գիտի` ինչ է անում: Ասում են` ձգաններ կան, ապակին ձգաններ չունենա՞, օդի մեջ ապակի՞ են տեղադրում: «Վիտրինա» են անունը դրել, պնդում են, թե քար, դուռ պիտի դրվեր: Ինչպե՞ս հորինեինք քարը, երբ նախնական տեսքը հայտնի չէ, չգիտենք` ինչպիսին են եղել մուտքային մասը, դռան քիվը, անկյունագիծը: Քարի ոչ մի դետալ չկա, որ հիմք հանդիսանա: Վերականգնումը պետք է զերծ լինի ենթադրություններից: Հորինել չի կարելի: Այսինքն, դու պետք է անես այն, ինչ պատմությունը թողել է: Կա գիտական հատուկ որոշում. «Պատմամշակութային, ճարտարապետական կառույցը գիտական փաստաթուղթ է և պատմության աղբյուր»։
Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ